ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Ոսկու գինը

Ոսկու գինը
07.07.2018 | 08:52

Սյունիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի գլխավոր հարցը, թերևս, Ամուլսարի ոսկու հանքի ճակատագիրն էր: Թեպետ հարցը վաղուց մայրաքաղաք է հասել, բայց տեղում լուծում գտնելը շատ ավելի հեշտ ու շահեկան կլիներ: Վարչապետը Ջերմուկ, փաստացի, գնացել է առանց նախապես որոշում ունենալու:


Ամուլսարում ոսկու արդյունահանման իրավունք ստացած «Լիդիան Արմենիա» ընկերությունը վստահեցնում է, որ բնապահպանական որևէ վտանգ չկա, երկու շաբաթ բնապահպանները բողոքի ակցիա են իրականացնում՝ պնդելով, որ հանքավայրը շահագործողները չեն կատարել իրենց խոստումը և չեն պահպանել բնապահպանական նորմերը: Ամուլսարի հանքի շահագործման հարցով եռակողմ հանդիպմանը` վարչապետի և կառավարության ներկայացուցիչների, «Լիդիան Արմենիա» ընկերության և բնապահպանների ու հանքի շահագործման դեմ համայնքի ներկայացուցիչների, Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ հանքի շահագործման համար այս տարիներին ահռելի ծախս է կատարվել, նախկին կառավարության թույլտվությամբ, և չկա տեղեկություն, որ ինչ-որ կարգ խախտվել է: «Ստուգումներ են սկսվել, որոնք պետք է շարունակվեն, բայց անկախ ստուգումներից պետք է որոշումները հիմնված լինեն փաստերի վրա: Պետք է հասկանանք, որ էմոցիոնալ որոշումներն առավել ևս պետական համակարգում այդքան էլ օգտակար չեն, և հետո ունենք իրավական դեյուրե իրավիճակ, և ամեն հանգուցալուծում ունի իր պոտենցիալը: Եթե այս իրավիճակում որևէ ապօրինություն անենք, եթե ոչ մեր տեսակետից, գոնե միջազգային հարաբերությունների տեսակետից, կարող ենք բարդ իրավիճակի առաջ կանգնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Պետք է ստանալ երկու հարցի պատասխան` հանքի շահագործումը ջրահավաքի ավազանի և Ջերմուկի վրա նեգատիվ ազդեցություն կունենա՞ որպես զբոսաշրջային կենտրոն:

«Մենք փորձագիտական պատասխանն ի գիտություն պետք է ընդունենք և առաջ շարժվենք: Եթե նախնական փուլում լինեինք, ինձ համար երկրորդ կարծիք չէր լինի, Ջերմուկում պետք չի որևէ հանք ունենալ, բայց հիմա 80 տոկոսով գործն արվել է, իրավիճակ է, որի հետ պետք է հաշվի նստենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա նաև ինտրիգը բացեց. «Ենթադրում եմ՝ բոլորդ գիտեք, այսպիսի վարկած իրականում հանքի հետ կապված կա, որ ինչ-որ մարդիկ ուզում են ստեղծել սիտուացիա, չգիտեմ՝ ովքեր են այդ մարդիկ, այս դահլիճում են, թե դուրս են, երկրում են, թե երկրի սահմաններից դուրս են, փորձում են իրավիճակ ստեղծել և ՀՀ-ին մեծ դատական գործի մեջ ներքաշել»: Ըստ վարչապետի՝ անհրաժեշտ է երկու հարցերին պատասխան ստանալու համար ստեղծել վստահելի եռակողմ մեխանիզմ` «Որպեսզի այս երկու հարցերի վերաբերյալ ունենանք վերջնական ու անառարկելի պատասխան»:


Ջերմուկում առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկը չգործեց` համաձայնություն չկայացավ: Նա առաջարկում էր ժամանակ տալ կառավարությանը ստուգումների համար, որից հետո հանքի շահագործումը կամ կվերսկսվի, կամ մեկ այլ որոշում կկայացվի՝ կախված արդյունքներից: Ցուցարարները պնդում էին, որ այդ ընթացքում հանքը չպիտի շահագործվի. «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչները` պիտի շահագործվի: Ցուցարարները հայտարարեցին, որ շարունակելու են ակցիաները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. «Ազատության» հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Պետք է քննարկենք և խնդրի էությունը հասկանանք: Ես համաձայն չեմ, որ առանց խնդրի էությունը խորապես և փաստարկված, փաստերի վրա հիմնվելով հասկանալու, որևէ որոշման մասին խոսք կարող է լինել: Ցավում եմ, որ այդպիսի դիրքորոշումներ ունեն: Ես հույս ունեմ, որ համագործակցության դաշտ կա: Անպայման [պետք է ստեղծվի փաստահավաք խումբը], մենք պետք է փաստեր ունենանք՝ անկախ նրանից, թե կողմերը ինչպիսի դիրքորոշումներ ունեն: Մենք մեր դիրքորոշումն ունենք, որը չի փոխվում: Պետք է փաստերը լինեն անառարկելի և համոզիչ»:


Պայմանագրից հրաժարվելու դեպքում, որով արդեն կատարվել է աշխատանքի 80 %-ը, Հայաստանին դատական պատասխանատվության կկանչեն: Եվ դա արդեն կդառնա ոչ միայն կոնկրետ մեկ ընկերության ու Հայաստանի խնդիրը, այլ` խնդիր Հայաստանի դեմ, որ կխոչընդոտի արտասահմանյան ներդրումները Հայաստան, որտեղ կառավարությունը գործնականում փակում է գործող բիզնեսը: Նիկոլ Փաշինյանի կասկածները, որ Հայաստանը փորձում են հատուկ ներքաշել դատական գործընթացի մեջ, շատ հիմնավոր են: Նախ` Հայաստանը ստիպված կլինի վճարել կատարված ներդրումները, չստացած շահույթի վնասը և պայմանագիրը կասեցնելու տուգանքը` եթե կա նման կետ պայմանագրում:
Չափազանց թանկ է դառնում Ամուլսարի ոսկու գինը:


Հարցի քննարկումները, իհարկե, կշարունակվեն, բայց «Լիդիան Արմենիան» ամեն օր կրում է կոնկրետ կորուստներ, իսկ Հայաստանի հպարտ քաղաքացիները չեն ցանկանում նահանջել իրենց բնապահպանական խրամատներից: Մնում է պարզել` բնության նկատմամբ սե՞րը, թե այլ գործոններ կան` ո՞վ և ինչու՞ է նրանց խրամատավորել:

Դիտվել է՝ 7024

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ